Մագիստրատուրան, ասպիրանտուրան և դոկտորանտուրան Մեծ Բրիտանիայում համարվում են հետբուհական գիտական կրթական ծրագրեր։
Մեծ Բրիտանիայում մագիստրոսական ծրագիրը հաջորդում է բակալավրիատին և մեկամյա է՝ ի տարբերություն այլ երկրներում գործող երկամյա մագիստրոսական ծրագրերի: Բակալավրի հետ համեմատ, մոդուլների և ուսումնական գործընթացների ընտրության տեսանկյունից, մագիստրոսական ծրագրերն ավելի ինտենսիվ են, ճկուն, հաճախ նաև մատչելի։
Դասավանդվող մագիստրոսական ծրագրերի չորս հիմնական տեսակ կա՝ արվեստների (Master of Arts), գիտության (Master of Science), բիզնեսի կառավարման (Master of Business Adminitrtation) և ճարտարագիտության (Master of Engineering):
Հայտադիմումներ
Մեծ Բրիտանիայում մագիստրատուրայի և դոկտորանտուրայի դիմումներ ներկայացնելու կենտրոնացված համակարգ չի գործում (ինչպես ՛՛UCAS՛՛-ը), և շատ դեպքերում դիմորդները պետք է ուղիղ դիմեն իրենց ընտրած համալսարան: Համալսարաններից շատերը թույլ են տալիս դիմումներ ուղարկել ամբողջ տարվա ընթացքում, սակայն որոշ ծրագրեր ունեն հստակ ժամկետներ:
Ընդունելության մանրամասներին ծանոթանալու համար ցանկալի է ուղիղ կապ հաստատել համալսարանների հետ։ Միջազգային ուսանողներն այս գործընթացի համար մի քանի լրացուցիչ ամիսներ պետք է տրամադրեն:
Մեծ Բրիտանիայի համալսարաններում կարելի է ստանալ դոկտորի աստիճան (Doctor of Philosophy – PhD), որն անգլիական կրթական համակարգի ամենաբարձր գիտական աստիճանն է։
Գիտական աշխատանքը պետք է հիմնված լինի ընտրված ոլորտում ակադեմիական հետաքրքրություն ներկայացնող հետազոտության վրա: Այն սովորաբար բաղկացած է լինում մինչև 100000 բառից, գրվում է որպես թեզ և պետք է պաշտպանվի բանավոր քննության ժամանակ՝ փորձագետների խմբի առաջ: