Ուսումն ԱՄՆ-ում


Եթե ​​ցանկանում եք սովորել ԱՄՆ-ում, շատ կարևոր է, որ կարողանաք գտնել գրեթե 4000 քոլեջներից և համալսարաններից ձեզ ամենահամապատասխանը:

ԱՄՆ-ում սովորելու առավելությունները

Ամերիկյան կրթությունը գրավում է միջազգային ուսանողներին իր բազմաթիվ հնարավորություններով, մասնավորապես՝ ակադեմիական տարբեր բնագավառներում մասնագիտանալու ընտրության առավելությունը կապահովի միջազգային աշխատաշուկայում ձեր մրցունակությունը և կարիերայի առաջխաղացումը։

Ամեն տարի ԱՄՆ-ի քոլեջներում և համալսարաններում կրթություն է ստանում մոտ մեկ միլիոն միջազգային ուսանող: Միայն 2019 թվականին նրանք 1,095,299 էին և կազմում էին ԱՄՆ-ում սովորող ուսանողների ընդհանուր թվի 5,5%-ը։

Մեր փորձառու խորհրդատուները պատրաստ են օգնել ձեզ համալսարանների և քոլեջների ընտրության, ընդունելությանը նախապատրաստվելու և միջազգային ուսանող դառնալու ձեր երազանքն իրականություն դարձնելու գործընթացներում:


ԱՄՆ-ում աշակերտները դպրոց են հաճախում 6-18 տարեկան հասակում՝ ընդգրկվելով 1-12-րդ դասարաններում: Սկզբնական կամ տարրական կրթությունը ներառում է 1-5-րդ, միջին դպրոցը՝ 6-8-րդ, ավագ դպրոցը՝ 9-12-րդ դասարանները: Գործում է նաև նախադպրոցական դասարան 5 տարեկանների համար, ինչն ԱՄՆ նահանգների մեծ մասում ուսման պարտադիր մաս չի կազմում:

12-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտներն ունեն երկու ճանապարհով գնալու հնարավորություն՝ արհեստագործական (սովորաբար տևում է մեկ կամ երկու տարի և նախատեսում է անմիջապես աշխատանքի տեղավորում) կամ բարձրագույն կրթության ձեռքբերման (հիմնականում նախատեսում է մասնագիտական որակավորման երկու տարվա՝ թերի բարձրագույն կամ չորս տարվա՝ բակալավրի ակադեմիական ծրագրերին մասնակցություն)։

ԱՄՆ-ի քոլեջներում և համալսարաններում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել 12-ամյա միջնակարգ կրթության ավարտական վկայական կամ վերջին դասարանի ընթացիկ գնահատականների միջուկը։

ԱՄՆ-ում և՛ քոլեջը, և՛ համալսարանը բարձրագույն կրթական հաստատություններ են: Հիմնական տարբերությունն ընդգրկված ուսանողների թիվն է և առաջարկվող մասնագիտացումները։

ԱՄՆ-ի խոշոր համալսարաններում, ինչպիսիք են՝ Հարվարդի կամ Կալիֆորնիայի համալսարանները, գործում են տարբեր քոլեջներ և/կամ դպրոցներ, որոնք մասնագիտացած են կրթական տարբեր ոլորտներում (օրինակ՝ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի ճարտարագիտության քոլեջը, Բոստոնի համալսարանի բիզնեսի դպրոցը, Չիկագոյի համալսարանի արվեստի և դիզայնի դպրոցը, այլ):

Պետական ​​և մասնավոր քոլեջներ ու համալսարաններ

ԱՄՆ-ում լավագույն քոլեջներն ու համալսարանները կարող են լինել և՛ պետական, և՛ մասնավոր:

ԱՄՆ-ում գործող որևէ քոլեջ կամ համալսարան չի վերահսկվում դաշնային կառավարության կողմից, մինչդեռ նահանգային կառավարություններն իրավասություն ունեն համաֆինանսավորել իրենց նահանգներում գործող պետական քոլեջներն ու համալսարանները։ Փոխարենը, մասնավոր քոլեջները հիմնականում գործում են ինքնուրույն և չեն ֆինանսավորվում նահանգային կառավարության կողմից:

ԱՄՆ-ի ամենամեծ թվով միջազգային ուսանողներ ունեցող լավագույն 20 համալսարաններից 13-ը պետական ​​են, 7-ը` մասնավոր (տե՛ս 2019 թվականի ՛՛Open Doors Fast Facts՛՛ զեկույցը):

ԱՄՆ կրթական հաստատությունների որակը պայմանավորված չէ իրենց պետական ​​կամ մասնավոր լինելով։ Համալսարանի կամ քոլեջի ընտրությունը պետք է կատարել՝ հիմք ընդունելով ձեր առաջնահերթություններն ու սպասելիքները:

ԱՄՆ-ի բարձրագույն կրթական համակարգի մաս են կազմում նաև համայնքային քոլեջները, որոնք առաջարկում են մասնագիտական որակավորման երկամյա ծրագրեր (արվեստների կրտսեր մասնագետ կամ գիտությունների կրտսեր մասնագետ որակավորմամբ), ընդունելության ավելի ճկուն գործընթաց և ֆինանսապես մատչելի պայմաններ:

Համայնքային քոլեջներում սովորող ուսանողները բակալավրի որակավորում ստանալու նպատակով հնարավորություն ունեն նաև իրենց կուտակված ակադեմիական կրեդիտներն օգտագործել ուսումը քոլեջներում և համալսարաններում շարունակելու համար:

Համայնքային 2-ամյա քոլեջները և բակալավրի կոչում շնորհող 4-ամյա քոլեջներն ու համալսարանները հաճախ կնքում են հատուկ պայմանագրեր՝ հաստատությունների միջև կրեդիտների և ակադեմիական կոչումների փոխադրումը կազմակերպելու համար: Այս գործընթացը կոչվում է «2+2», որի ավարտին դուք կարող եք ստանալ բակալավրի կոչում՝ 2 տարի սովորելով համայնքային քոլեջում, հաջորդ 2 տարին՝ համալսարանում:

Մոտ 100,000 միջազգային ուսանող ներկայումս հաճախում է Միացյալ Նահանգների համայնքային քոլեջներ:

ԱՄՆ-ում գործում են ավելի քան 2000 քոլեջներ և համալսարաններ, որոնք շնորհում են բակալավրի կոչում։ Բակալավրիատում ուսանողներն ընդգրկվում են ավագ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո կամ տարկետման (Gap year) ավարտից հետո:

ԱՄՆ-ում բակալավրի կրթական ծրագիրը սովորաբար տևում է 4 տարի՝ յուրաքանչյուր կիսամյակում 120-128 կրեդիտային ժամաքանակով, որոնցից 60-ը կարող է փոխանցվել համայնքային քոլեջից (եթե արդեն ունեք 2 տարվա մասնագիտական որակավորում)։

Բակալավրիատում ուսանողներն ընտրում են այն ակադեմիական ոլորտը, որով առավել հետաքրքրված են, և որը կդառնա դեպի ապագա մասնագիտացում իրենց ճանապարհի հերթական քայլը:

Ի լրումն նեղ մասնագիտական դասընթացների՝ բոլոր ուսանողները ներգրավվում են նաև ուսումնական պարտադիր ծրագրերում: Այս մոտեցման նպատակն է բարձրացնել ուսանողների կրթվածության ընդհանուր մակարդակը, զարգացնել քննադատական ​​մտածողությունը և հաղորդակցման հմտությունները:

ԱՄՆ-ում գործում են բակալավրի՝ ամենից շատ պահանջարկ ունեցող հետևյալ 3 կրթական ծրագրերը՝
  • Արվեստների ոլորտում բակալավրի աստիճան (Bachelor of Arts), որը նախատեսում է հումանիտար առարկաների և հասարակական գիտությունների ուսումնասիրություն,
  • Գիտության ոլորտում բակալավրի աստիճան (Bachelor of Science), որն ընդգրկում է բիզնեսի, մաթեմատիկական, գիտական, ճարտարագիտական, առողջապահական և տեխնոլոգիական տարբեր ոլորտներ,
  • Արվեստի ոլորտում բակալավրի աստիճան (Bachelor of Fine Arts), որն ուսումնասիրում է ստեղծագործական և կատարողական արվեստը, ինչպիսիք են՝ երաժշտությունը կամ պարը:

Կան նաև 4-ամյա ուսումնական ծրագիր ունեցող այլ քոլեջներ և համալսարաններ, որոնք նեղ մասնագիտական ​դասընթացներ են առաջարկում այնպիսի ​ոլորտներում, ինչպիսիք են՝ դեղագործությունը, ճարտարագիտությունը, բիզնեսը, գյուղատնտեսությունը և այլն:

Միևնույն ժամանակ անհրաժետ է իմանալ, որ ԱՄՆ բարձրագույն կրթական համակարգն իրավունքի և բժշկության ոլորտներում բակալավրի կոչում չի շնորհում։ Փոխարենը, բակալավրիատն ավարտելուց հետո, ուսանողները մագիստրոսի կամ ասպիրանտի որակավորում են ստանում բժշկական կամ իրավաբանական բարձրագույն կրթական հաստատություններում: Թեև իրավաբանական և բժշկական համալսարանները չեն պահանջում կոնկրետ ոլորտում բակալավրի աստիճան, սակայն սահմանում են նախապատրաստական դասընթացներ, որոնց պետք է մասնակցել, նախքան ընդունելության հայտ ներկայացնելը։

ԱՄՆ-ում կան գիտական երկու հիմնական կոչումներ՝ մագիստրոսի և դոկտորի: Երկուսն էլ ներառում են հետազոտությունների և դասընթացների համադրություն, բնութագրվում գիտական խորը բովանդակությամբ: Միայն բակալավրի աստիճան ունեցող միջազգային ուսանողները կարող են դիմել ԱՄՆ համալսարաններ մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճան ստանալու համար:

Մագիստրոսական կրթությունը կարող է տևել մեկ կամ երկու տարի: Ուսումնառության վերջին կիսամյակում ուսանողները պետք է ներկայացնեն հետազոտական աշխատություն կամ նախագիծ՝ մագիստրոսի կոչում ստանալու համար:

Դոկտորական կրթության տևողությունը կախված է 2 հանգամանքից` դիմորդն ունի մագիստրոսի աստիճան, թե ոչ և թե որքան ժամանակ է անհրաժեշտ գիտական աշխատություն գրելու համար։

ԱՄՆ-ում գործում են նաև շարունակական կրթության ծրագրեր, որոնց միջազգային ուսանողները ևս կարող են մասնակցել և ստանալ վկայականներ։ Այս դասընթացները հաճախ համալրում են բակալավրիատի կամ մագիստրոսական ծրագրերի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված մասնագիտական գիտելիքները, որոշ դեպքերում էլ օգնում են ստանալ անհրաժեշտ լիցենզավորում՝ համապատասխան ոլորտներում աշխատանքային անհրաժեշտ պահանջները բավարարելու համար։

ԱՄՆ քոլեջներում և համալսարաններում դիմումների հանձնման գործընթացները, պահանջներն ու վերջնաժամկետները կարող են իրարից խիստ տարբեր լինել։

Միջազգային ուսանողներն ԱՄՆ քոլեջներ և համալսարաններ դիմում են երկու եղանակով՝ ԱՄՆ համալսարանների խորհրդի կողմից ստեղծված համընդհանուր հայտ (Common Application) ներկայացնելու կամ նախընտրած կրթական հաստատություն հայտ ուղարկելու միջոցով:

Համընդհանուր հայտի գործընթացն առաջին անգամ ընդունվող և մեկ բուհից մյուսը տեղափոխվող դիմորդներին հնարավորություն է տալիս միաժամանակ դիմել մի քանի քոլեջներ և համալսարաններ։

Համընդհանուր հայտը ընդունվում է ԱՄՆ-ի մոտ 900 պետական ​​և մասնավոր քոլեջների և համալսարանների կողմից: Դրանցից ավելի քան 250-ը հայտադիմում ընդունելու վճարում չեն պահանջում:

Որպես միջազգային ուսանող՝ դուք կարող եք նաև առանձին հայտեր ներկայացնել ձեր նախընտրած քոլեջներ և համալսարաններ, աշխատել յուրաքանչյուր դիմումի վրա՝ համապատասխանեցնելով այն տվյալ հաստատության ընդունելության գրասենյակի կողմից ներկայացված հատուկ պահանջներին:

Շատ կարևոր է հնարավորինս շուտ սկսել հայտերի հանձնման գործընթացը և խստորեն պահպանել վերջնաժամկետները: Միայն այս պարագայում հնարավորություն և ժամանակ կունենաք ներկայացնել ֆինանսական օգնության, կրթաթոշակի և դրամաշնորհի հայտեր:

Հայտերի ներկայացման և հետագա ընթացքի կազմակերպմանն աջակցության մեր առաջարկներին կարող եք ծանոթանալ սույն կայքի «Ծառայություններ» բաժնում:

ԱՄՆ ակադեմիական հաստատություններում որակյալ կրթություն ստանալը ֆինանսական լուրջ մարտահրավեր է դրան հավակնող բազմաթիվ ուսանողների և նրանց ընտանիքների համար: Հաստատության և դրա գտնվելու վայրի ընտրության որոշումների վրա էապես ազդում են նաև սպասվող ֆինանսական ծախսերը:

Վերջին տարիներին ուսանողների համար ավելի հեշտ է դարձել նախօրոք հաշվարկել, թե որքան կարժենա ուսումն ԱՄՆ-ում։ Ներկայիս օրենսդրության համաձայն՝ ԱՄՆ-ի բոլոր համալսարանները պարտավոր են իրենց կայքերում ներկայացնել ուսման վարձի և կեցության ծախսերի չափը:

"U.S. News" լրատվականն ԱՄՆ քոլեջների և համալսարանների ֆինանսական ծախսերը գնահատող տեղեկատվական ամենահուսալի աղբյուրներից մեկն է: Ըստ ներկայացված վերջին տվյալների՝ 2020-2021 թվականներին պետական քոլեջներում և համալսարաններում ԱՄՆ քաղաքացիների ուսման վճարի միջին արժեքը մոտ 72%-ով պակաս է եղել մասնավոր քոլեջում ուսման վճարի միջին արժեքից (9,687 ԱՄՆ դոլար՝ համապատասխանաբար 35,087 ԱՄՆ դոլարի համեմատ): Մինչդեռ միջազգային ուսանողի համար պետական ​​քոլեջներում և համալսարաններում ուսման միջին արժեքը նույն տարվա համար կազմում է 21,184 ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ մասնավոր քոլեջներում և համալսարաններում ուսման վճարն ավելի բարձր է, բայց և նույնն է թե՛ ԱՄՆ քաղաքացիների, թե՛ միջազգային ուսանողների համար։

Կարևոր է նախապես ծանոթանալ նաև ԱՄՆ քոլեջների և համալսարանների կողմից տրամադրվող ֆինանսական օգնության փաթեթներին, կրթաթոշակների և դրամաշնորհների հնարավորություններին: