ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ուսանելու առավելությունները


Բոլոր ժամանակներում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան միջազգային ուսանողների համար եղել են ամենագրավիչ կրթական ուղղությունները:

Համալսարանների համաշխարհային վարկանշային աղյուսակներում ամերիկյան և բրիտանական համալսարանները մշտապես զբաղեցնում են առաջին հորիզոնականները։ Ըստ "QS World University Rankings 2020"-ի տվյալների՝ աշխարհի լավագույն 10 համալսարաններից 9-ը գտնվում են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

Ամերիկյան և բրիտանական բուհական հաստատությունները միջազգային ուսանողների համար ոչ միայն որակյալ կրթություն, այլև մասնագիտական լուրջ առաջընթաց և մրցունակություն են ապահովում՝ շնորհիվ ուսումնառության առաջարկվող բազմաթիվ հնարավորությունների:

Հետաքրքիր փաստեր

Մեծ Բրիտանիա: Աշխարհի յուրաքանչյուր չորրորդ պետության ղեկավարը կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայի կրթական հաստատություններից մեկում:

ԱՄՆ: ԱՄՆ-ի բոլոր համալսարանների ուսանողների գրեթե 60%-ը կանայք են:

Ամերիկյան և բրիտանական բարձրագույն ուսումնական հաստատությունները պատմականորեն հայտնի են թե՛ տրամադրվող որակյալ կրթությամբ, թե՛ ուսանողական հետաքրքիր առօրյայով, որով և գրավում են երիտասարդությանը:

  • Բարձրորակ կրթություն. Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Մեծ Բրիտանիայի դպրոցներն ու համալսարաններն անվիճելիորեն բարձրորակ կրթության ապահովման համբավ ունեն, ինչն ապահովվում է ուսանողներին առաջարկվող հազարավոր դասընթացների շնորհիվ: Մեծ Բրիտանիայի համալսարաններն ունեն դարերի պատմություն, ինչպես, օրինակ` Օքսֆորդը և Քեմբրիջը հիմնադրվել են ավելի քան 800 տարի առաջ. այս հանգամանքը մեծ ազդեցություն ունի բրիտանական բուհերում սովորելու պահանջարկի վրա: ԱՄՆ կրթական համակարգը, իր հերթին, հետաքրքրում է դիմորդներին հատկապես ակադեմիական տարբեր ոլորտներում մասնագիտանալու հնարավորությունների ընձեռմամբ, ինչը պայմանավորված է 4000-ից ավելի հավատարմագրված կրթական հաստատությունների առկայությամբ։
  • Աշխատելու հնարավորություն. Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Մեծ Բրիտանիայում սովորելու ընթացքում, ուսանողական վիզայի առկայության դեպքում, ուսանողներին թույլատրվում է աշխատել շաբաթական մինչև 20 ժամ: Բակալավրի կամ մագիստրոսի կոչում ստանալուց հետո դուք կարող եք դիմել աշխատանքային վիզայի, որի ժամկետը կախված կլինի ձեր մասնագիտական որակավորումից։ 2021 թվականի հուլիսի 1-ից բոլոր նրանք, ովքեր հաջողությամբ ավարտել են ուսումը Մեծ Բրիտանիայում, կարող են աշխատանքային վիզա ձեռք բերել՝ բակալավրի կամ մագիստրոսի կոչում ունեցողները 2, գիտությունների թեկնածուի/դոկտորի կոչում ունեցողները` 3 տարով։ ԱՄՆ-ում բակալավրի կամ մագիստրոսի կոչում ստանալուց հետո դուք կարող եք դիմել ՛՛Optional Practice Training-OPT՛՛-ի (կամընտրական գործնական վերապատրաստման իրավունք), որը ձեզ կտա մեկ տարվա աշխատանքի թույլտվություն։ Բոլոր նրանք, ովքեր ԱՄՆ-ում ստանում են ՛՛STEM՛՛ մասնագիտական որակավորում, կարող են դիմել 1+2 տարվա ՛՛OPT՛՛-ի՝ համապատասխանաբար 1+2 տարվա աշխատանքի իրավունք ստանալու նպատակով:
  • Ճանաչում բարձրորակ հետազոտությունների ոլորտում. Թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ ԱՄՆ-ի կրթական հաստատություններն ունեն բարձրորակ հետազոտությունների իրականացման վարկանիշ: Այս հանգամանքը առավելապես հետաքրքիր է մագիստրոսներին և ասպիրանտներին:
  • Զբաղվածություն. Գերազանց ակադեմիական գիտելիքներ փոխանցելուց բացի` ամերիկյան և բրիտանական կրթական հաստատություններն ուսանողներին օժանդակում են աշխատատեղ և պրակտիկայի հնարավորություն գտնելու հարցում՝ նոր հմտություններ ձևավորելու և ստացած գիտելիքներն առօրյայում կիրառելու նպատակով: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բուհերի շրջանավարտները հեշտությամբ են աշխատանք գտնում աշխատաշուկայում, քանի որ մրցունակ են իրենց մասնագիտական բարձր որակավորմամբ և գիտելիքներով:
  • Հետաքրքիր և բազմամշակութային միջավայր. Սովորելը կարող է նաև հետաքրքիր և զվարճալի լինել։ Երկու երկրներն էլ հիանալի միջավայր են առաջարկում ապրելու և սովորելու համար՝ դասերից հետո ժամանցի կազմակերպման ուշագրավ տարբերակներով։ Մեծ Բրիտանիայում սովորողների համար դրանք մի քանիսն են՝ անգլիական հայտնի ցերեկային թեյախմությունից սկսած մինչև փաբերում մեկ բաժակ գարեջուր ըմբոշխնելը, պատմական ամրոցներ այցելելուց մինչև ավազոտ լողափերում հանգիստը, միջազգային շքեղ խոհանոցից մինչև պարզ տապակած ձուկ ու կարտոֆիլ համտեսելը: ԱՄՆ-ում համալսարանական համալիրներն ունեն իրենց ուրույն կյանքը. նրանք նման են ուսանողական փոքր քաղաքների, որտեղ կարող եք շփվել և ձեռք բերել բազմաթիվ ընկերներ: Բացի դրանից՝ ԱՄՆ-ը տարբեր մշակույթների և ազգությունների խառնարան, է և, անկախ նրանից, թե որ նահանգում եք սովորում, կունենաք մշակութային նոր փորձառություն ձեռք բերելու հնարավորություն, միաժամանակ կծանոթանաք ամերիկյան կենցաղին։